Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինի հունիսի 13-ը

Պուտինի հունիսի 13-ը
14.06.2018 | 10:27

Երեկ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ:
Պուտինը Ալիևին ասել է. «Հուսով եմ` դուք օգտակար ու հետաքրքիր կանցկացնեք ժամանակը Մոսկվայում: Հետաքրքրությամբ, որովհետև ելնում եմ նրանից, որ խաղը կլինի գեղեցիկ, իսկ օգտակարությամբ, որովհետև այստեղ են մեր շատ գործընկերներ, շատ երկրներից, և կա նրանց հետ խոսելու, հանդիպելու, ինչ -որ մեկի հետ ծանոթանալու հնարավորություն»: Նաև` որ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, անցած տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է 34 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակում՝ 19: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, Պուտինն ասել է, թե այդ մասով ամեն ինչ կայուն է: Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերից, ընդգծելով, թե «մեր քաղաքական փոխգործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, մենք հուսալի ընկերներ ենք ու ռազմավարական գործընկերներ»: Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ հարաբերությունները մանրամասն կքննարկվեն օգոստոսի 30-ին՝ Իլհամ Ալիևի հաջորդ այցի ժամանակ:


Պուտինը Փաշինյանին ասել է, որ Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ, թիվ մեկ գործընկերն է: 2017-ին առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, այս տարի նույնպես վստահորեն աճում է, մեծ հաշվով դա տեղի է ունենում ռուսական շուկա գյուղատնտեսական մթերքների մատակարարման հաշվին: Նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Փաշինյանը Պուտինին ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են, և վստահ է, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ, ավելի յուրահատուկ կդառնան: «Ես կարծում եմ, որ թե Հայաստանում, թե Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա: Սա շատ կարևոր է: Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենք և վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու և մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն: Բոլորին է հայտնի, որ մեր հարաբերությունների օրակարգը շատ մեծ է, քննարկելու շատ բան կա թե տնտեսական, թե քաղաքական, թե տարածաշրջանային իմաստով: Իհարկե, մենք հույս ունենք դրական և կառուցողական երկխոսության և համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Եթե համեմատեք` 4 տոկոս ավելի ապրանքաշրջանառության աճը Ադրբեջանի հետ համարյա միակ տարբերությունն է, մեկ էլ այն, որ Պուտինը մինչև օգոստոսի 30 Իլհամ Ալիևին տեսնել չի ուզում, իսկ Փաշինյանին պատրաստ է տեսնել: Փաշինյանն էլ` նրան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ահա այսպիսի ֆուտբոլային դիվանագիտություն: Սպասենք, թե ո՞վ կխփի առաջին գոլը և կծանոթացնի՞ Պուտինը Իլհամ Ալիևին Նիկոլ Փաշինյանի հետ: Թե՞ Ալիևը կգերադասի հանդիպել Բելառուսի, Բոլիվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Լիբանանի, Պանամայի, Պարագվայի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, ՈՒզբեկստանի ղեկավարներին, որ նույնպես Մոսկվայում են լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Ի՞նչ փառահեղ շրջապատ է:

Դիտվել է՝ 3646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ